Ցավալի է, որ ոչ թե իրավապահ մարմինները, այլ գյուղերի բնակիչներն են Հայաստան ներթափանցած ադրբեջանցիներին վնասազերծում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստան ներթափանցելուն։ Նրանցից մեկին երեք օր առաջ վնասազերծել էին Սյունիքի մարզի Աշոտավան համայնքի բնակիչները, մյուսին երեք օր անց՝ մարզի Աճանան համայնքի բնակիչները։
«Այսինքն ինչպես կանոնավոր բանակի փոխարեն աշխարհազոր էինք ուզում, հիմա էլ երևի թե պետք է ասենք՝ եկեք դրուժիննիկներ ձևավորենք: Ճիշտ է՝ հազարավոր պարեկներ կան, բայց իրենք թող Հանրապետության հրապարակում կուտակվեն ու չկարողանան մի վարորդի բռնել: Եթե 16 տարեկան երեխային առաջարկվում է դպրոցից հետո անցնել ծառայության, այլ արդյունք անիմաստ է ակնկալել, միշտ այսպես է լինելու»,-ասաց նա:
Անդրադառնալով երկու օր առաջ Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին, որին զոհ գնաց 4 հայ զինծառայող, Թարվերդյանն ասաց. «Եթե նախքան ինժեներական աշխատանքները սկսելը ադրբեջանցիների ազատ տեղաշարժը սահմանափակող միջոցներ ձեռնարկած լինեին, ապա, կարծում եմ՝ զոհեր չէիք ունենա»:
Թարվերդյանի համոզմամբ՝ այսօր Ադրբեջանին զսպող գլխավոր գործոնը Իրանն է, որը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տալու սահմանների փոփոխություն տարածաշրջանում։ Նրա խոսքով, դեռ նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերի ժամանակ է Իրանը զսպել Ադրբեջանին. «Մեր շահերն այսօր համընկնում են Իրանի հետ: Ընդ որում, դա չի հակասում մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այստեղ մեր կառավարությունը պետք է լինի գիտակից, խելամիտ և շատ արագ Իրանի հետ փոխօգնության ու դաշնակցային հարաբերությունների պայմանագիր կնքի»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Հաաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Թարվերդյանը նկատեց, որ նրանց ներկայությունը փաստորեն չզսպեց Ադրբեջանին, որը երկու օր առաջ հերթական սադրանքը ձեռնարկեց։
«Իսկ ինչպե՞ս զսպեին, իրենց գրքույկներո՞վ: ԵՄ դիտորդները տեղում չեն եղել: Մինչդեռ կանխատեսելի էր, որ այդ հատվածում կարող է սադրանք լինել, քանի որ դրանից օրեր առաջ նրանք արդեն խախտել էին Հայաստանի հետ սահմանը եւ առաջ եկել։ Ասում են՝ տեղում չեն եղել, բա ո՞ւր էին, ուտել-խմելո՞վ էին զբաղված հայ պաշտոնյաների հետ: Նրանք հենց այդտեղ պետք է գիշերեին, որ այդ ամենը չլիներ: Փաստն այն է, որ նրանք ընդամենը արձանագրում են, և նրանց հիմնական նպատակը Իրանի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վատացնելն է, ինչը այսօր ՀՀ շահերին հակասում է: Ինձ համար անհայտ է՝ ԵՄ դիտորդներն այստեղ ինչն են դիտարկում: Գուցե իշխանությունը տեղյակ է, բայց հանրությունը դրանից տեղյակ չէ»,– ասաց Երվանդ Թարվերդյանը։




























