«Բոկոտն թագուհի» մականունով հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորայի` Երեւանում սեպտեմբերի 29-ին չեղյալ հայտարարված համերգի փոխարեն նույն օրը կայանալու է Ալեսանդրո Սաֆինայի համերգը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, Սաֆինայի համերգը կայանալու է սեպտեմբերի 29-ին, ժամը 21-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։Նա նաեւ նշեց, որ տոմսերի գինը մնալու է նույնը, եւ Սեզարիայի Էվորայի համերգի տոմս գնած անձինք կարող են մասնակցել նոր համերգին: Իսկ ովքեր չեն ցանկանա մասնակցել, կարող են հետ տալ տոմսերը: Ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը հայտնել էր, որ մոտ 400-450 տոմս է վաճառվել, մեծամասամբ` հրավիրատոմսեր են բաժանվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Grammy եւ Victoire de la Musique մրցանակների դափնեկիր Սեզարիա Էվորան ուղեղի կաթված է ստացել, ծանր առողջական վիճակում է եւ ոչ միայն չեն կայանա նրա` առաջիկայում նախատեսված համերգները, այլեւ նրա կարիերան ավարտվել է: Հիշեցնենք, որ երգչուհին մտադիր էր սեպտեմբերի 29-ին համերգով հանդես գալ Հայաստանում: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին Կաբո-Վերդեի Մինդելո բնակավայրում: Նա երգում է 17 տարեկանից, սակայն առաջին սոլո-ալբոմը երգչուհին ձայնագրել է Լիսաբոնում երեք տարի անց: Ուշագրավ է, որ «Բոկոտն թագուհի» մականունը 70-ամյա երգչուհին ստացել է բոկոտն բեմ դուրս գալու իր սովորության համար:




























