Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում, սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան հայտնաբերել են Վանաձորի մի բնակչի «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան` բեռնված 220 սմ երկարության, տարբեր տրամաչափի սոճենու 18 գերաններով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ վարորդն առանց համապատասխան փաստաթղթերի է տեղափոխել փայտանյութը, իսկ «ԿամԱԶ»-ի ուղեւորը հայտարարել է, որ փայտանյութն ինքն է ապօրինի հատել Գուգարքի անտառտնտեսության «Խնձորուտ» անտառպետության տարածքում:
Փայտանյութն առգրավված է: Բացի այդ, սեպտեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի մի բնակչի ` իր վարած «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված է եղել առանց համապատասխան փաստաթղթերի բոխենի եւ հաճարենի ծառերի 1,5 խմ փայտանյութով:
«ՈւԱԶ»-ի վարորդը հայտարարել է, որ ծառերը հատել է «Գուգարքի» անտառտնտեսության «Եղեգնուտ» անտառպետության տարածքից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Երկու դեպքում էլ, պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:




























