Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկից հետո Հայաստանը ԵՄ քաղաքականության մեջ փոփոխություն չի տեսնում։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 14-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։
Հենց այս պատճառով էլ, նրա պնդմամբ, Հայաստանի Ազգային ժողովի ընդունած եւ Եվրախորհրդարանի միջխորհրդարանական հայտարարության մեջ ներառվել է կետ այն մասին, որ ԵՄ քաղաքականության սահմանումը պետք է հիմնված լինի դիտորդական առաքելության զեկույցների վրա։
«Դիվանագիտական լեզվից թարգմանաբար դա նշանակում է, որ քանի որ զեկույցները հրապարակային չեն, ապա ԵՄ-ում առնվազն որոշում կայացնող պաշտոնյաները իրենց հայտարարություններում եւ քաղաքականություններում պետք է արտացոլեն այն փաստը, որ իրենց առաքելության զեկույցներին համապատասխան Ադրբեջանը ագրեսոր է»,- պարզաբանեց Մամիջանյանը։
Միաժամանակ նա շտապեց նշել, որ ընդդիմությունը դեմ չէ եվրոպական առաքելությանը։ Ընդհակառակը, պատգամավորը գտնում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումներն ու սադրանքները պետք է արձանագրվեն։ Սակայն, դրան պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ, որպեսզի առաքելությունն իսկապես արդյունավետ լինի:





























