Երեւանի Մյասնիկայն պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի գործով, նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մեր տեղեկություններով, երեկ` սեպտեմբերի 25-ին բերման է ենթարկվել բանդայի պարագլուխներից եւս մեկը, որը մոտ 50 տարեկան է եւ նախկինում բազմիցս դատապարտված է եղել:
Հիշեցնենք, որ պարագլուխներից մեկը` 49-ամյա Գուրգեն Հայրապետյանն էր, ով փախուստի ժամանակ ժայռը մագլցելիս, վայր էր ընկել ու մահացել:
Նշենք, որ բերման ենթարկված պարագլուխը բանդայի երեք անդամների հետ կալանավորվել է: Ի դեպ այս գործի շրջանակում բերման ենթարկվածներից եւս չորս հոգի ձերբակալվել են այլ հոդվածներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում սկզբում բերման էր ենթարկվել 13 անձ: Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը, ըստ գլխավոր դատախազության` վերջինիս ավելի ուշ են բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը:
Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:




























