Սյունքի մարզի Տեղ գյուղի բնակիչները, որոնք չեն կարողանում մշակել իրենց արոտավայրերն ադրբեջանական հաստատման հետեւանքով, փոխհատուցում կստանան: Այս մասին Հանրային հեռուստաընկերության հարցազրույցի ընթացքում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Նա նշեց, որ տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ կամ վտանգավոր են դարձել մշակման համար, հիմնականում ցորեն էր ցանված:
«Իրավիճակն անհանգստացնում է բնակիչներին, բայց ասել խուճապային տրամադրություն չկա: Տեղ համայնքի բնակիչները հերոսական ժողովուրդ են, փոխհրաձգության օրը բնակիչները զայրանում էին, որ չեն կարող մասնակցել այդ գործողություններին, իսկ դեպքի հաջորդ իսկ օրը դպրոցը եւ մանկապարտեզը բացվեց: Կյանքը բնականոն հունով շարունակվում է այստեղ: Առհասարակ, Սյունիքը միասնական է՝ անկախ քաղաքական կողմնորոշումից»,- ասաց Ղուկասյանը:
Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ գյուղում աշխարհազոր կա, բազմաթիվ մարդիկ ունեն զենքեր թույլատրված վայրերում, սակայն դրանք գործի կդրվեն միայն այն ժամանակ, երբ Պաշտպանության նախարարությունը թույլատրի:
«Մեր տղաները շատ հերոսական են իրենց պահել, ադրբեջանական կողմը պետք է հասկանա, որ այդպես չի լինի՝ իրենք հոխորտան, ինչ-որ բան անեն եւ պատասխան չստանան: Ես մարդկանց ասել եմ՝ երբ ասի բանակը, երբ անհրաժեշտություն լինի, կանենք: Պետք է հարգենք մեր ուժային ինստիտուտները: Շատ հաճախ մարդկանց թվում է, որ ինքնագլուխ բան անեն, օգուտ կա: Իրականում պետք է ամեն ինչ լինի համակարգված Պաշտպանության նախարարության կողմից: Ադրբեջանցիների հետ շփում չկա բնակիչների կողմից: Պաշտպանական կողմն էլ շփում ունենում է ճշգրտման հետ կապված»,- նշեց Սյունիքի մարզպետը:





























