Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պատկանող խաղողի այգում ձերբակալվել է լրագրող Շալվա Ռամիշվիլին, հաղորդում է «Գրուզյա Online»-ը` վկայակոչելով ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Մոսիաշվիլիին:

Նախագահի խաղողի այգին գտնվում է Կախեթիում` Վրաստանի արեւելքում:

Ռամիշվիլին տարածաշրջան է եկել տեսանյութ պատրաստելու համար: «Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն ուղեկցել է նրան:

Մոսիաշվիլիի խոսքով, նրանք Ռամիշվիլիի հետ եկել են խաղողի այգի, որի մոտ կանգնած են եղել «քաղաքացիական հագուստով անձինք»:

«Մենք հարցրել ենք, կարելի՞ է մտնել խաղողի այգի: Նրանք մեզ ասացին, որ մտնել պետք չէ, իսկ մենք մտանք, որից հետո մեզ վրա հարձակվեցին քաղաքացիական հագուստով անձինք, Շալվիի ձեռքից վերցրին տեսախցիկը եւ նստացրին ավտոմեքենայի մեջ»,-պատմում է աղբյուրը:

Ընդդիմադիրը նշել է, որ «քաղաքացիական հագուստով անձինք» ավելի ուշ հայտնել են, որ իրենք ոստիկաններ են: Այդ կապակցությամբ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դեռ մեկնաբանություն չի եղել:

Շալվա Ռամիշվիլին «202» հեռուստաընկերության հիմնադիրն է, որտեղ քաղաքական հեռուստահաղորդում է վարում: