Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անպայման քաղաքականություն կվերադառնա։ Նման վստահություն նա հայտնեց սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք արդեն փորձ ունենք։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է, ինչո՞ւ չի կարող վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը։ Մեզ մոտ նախագահների պայքար է գնում։ Ժողովուրդն ուժեղին է հետեւում եւ այդ առումով ես չեմ բացառում Քոչարյանի վերադարձը»,- նկատեց Տիգրան Կարապետյանը։ Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն իր հերթին ճիշտ չհամարեց «եթե»-ների հիման վրա կառուցված հարցադրումների շուրջ մեկնաբանություններ անելը։ «Հարցին կանդրադառնայի այն դեպքում, երբ պարոն Քոչարյանն ինքն ակտիվ քաղաքականություն վերադառնալու հետ կապված նմանատիպ որեւէ հայտարարություն անի։ Բնականաբար յուրաքանչյուր քաղաքական գործիչ քաղաքական գործընթացների վերաբերյալ իր մոտեցումներն է ունենում եւ այս վերջին ժամանակներում էլ պարբերաբար որոշակի հարցազրույցների միջոցով հանրապետության երկրորդ նախագահն իր դիրքորոշումն արտահայտել է: Այսինքն՝ ամբողջովին  մի կողմ քաշված վիճակ չի եղել»,- նկատեց ՀՀԿ-ական պատագամավորը՝ հավելելով, որ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին դեռեւս վաղ է խոսել։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղել է 1998-2008 թվականներին։