Միանշանակ կարելի է պնդել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտից երբեք դուրս չի եղել։ Այսօր` սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատագամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ անդադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության հարցին։
«Որեւէ նախագահ քաղաքականությունից երբեք դուրս չի լինում՝ ինչ կարգավիճակով էլ որ լինի, հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնց ժամանակին տիրապետել է՝ հատկապես ֆինանսական ռեսուրսները։ Ինչ վերաբերում է ակտիվ քաղաքականություն վերադառնալուն, ապա դա անձնական որոշելիք խնդիր է»,- նկատեց պատգամավորը՝ ավելացնելով, որ Քոչարյանի նկատմամբ հավատարմություն, համակրանք ունեցող քաղաքական ուժերը բնականաբար անցնելու են նրա կողմը։ «Դուք վերլուծեք, կտեսնեք՝ որ քաղաքական ուժերն են, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ծաղկեցին»,- նկատեց Մարտիրոսյանը՝ չմանրամասնելով՝ ում հատկապես նկատի ունի:
Ասուլիսի մյուս բանախոս, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր հերթին նկատեց, որ յուրաքանչյուր նախագահ ակտիվ կամ կամ պասիվ՝ մշտապես ընտրական գործընթացներում է։ «Այս պահին ասել՝ ակտիվ քաղաքականություն կվերադառնա՞ Ռոբերտ Քոչարյանը, թե` ոչ, կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղվի իրեն»,- ամփոփեց նա։Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղել է 1998-2008 թվականներին։




























