Օրերս Երեւանում հայտնաբերված եւ վնասազերծված հանցախմբի գործով ձերբակալվածների թիվը հասել է 16-ի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը:

«Հանցախումբը կարելի է ասել  զինաթափված է, 16 հոգի ձերբակալված են, խուզարկությունները ավարտված են, հայտնաբերված է բանդան»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ դեպքից անմիջապես հետո  շրջանառվեցին պաշտոնյաների որդիների անունները, ապա ժամեր անց հերքվեցին, Նազարյանը պատասխանեց. «Ընդամենը մի պաշտոնյայի որդու անուն էր, ՀՔԾ-ի պետի տեղակալի որդու, որի մեքենան ֆիքսվել էր տվյալ ժամանակահատվածում: Դա իր հետ կապ չունեցող բան էր, դատախազությունն արդեն տվել է դրա հերքումը»:

Դիտարկմանը, թե հասարակության մեջ կարծիք կա, որ ոստիկանությունն արագ փորձեց պարտակել բարձաստիճան պաշտոնյաների որդիների մասնակցությունը, Նազարյանն արձագանքեց. «Նման բան չի կարա լինի, որ մեկը որեւէ բան պարտակի: Մինչեւ վերջ այդ մարդիկ բացահայտում են: Այս գործի շրջանակում չէր կարող նման բան լինել, սա շատ կարեւոր բացահայտում էր բոլորի համար»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում սկզբում բերման էր ենթարկվել 13 անձ: Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում էր ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը, ըստ գլխավոր դատախազության` վերջինիս ավելի ուշ են բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը:

Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով: