Ռուսաստանյան ընկերությունները մտադիր են մասնակցել Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի նախագծման ու շինարարության տենդերին։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Բուլղարիայում «Բելենե» ԱԷԿ-ի շինարարության գլխավոր ինժեներ Պավել Մոսկալյովը, որը ներկայացնում է «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն, որն էլ մտադիր է մասնակցել Հայաստանում միջուկային երրորդ էներգաբլոկի շինարարության տենդերին։
Ընդ որում նա բավական բարձր է գնահատել տենդերում հաղթելու իրենց շանսերը։ «Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ եւ չգիտեմ, թե ինչպես են գործերն այդ առումով, սակայն, եթե գնահատենք ընկերության շանսերը զուտ տեխնիկական տեսանկյունից, այստեղ մեզ հավասարը չկա»,- հայտարարել է Մոսկալյովը։ Ըստ նրա, ընկերությունն արդեն այսօր կարող է ներկայացնել Հայաստանում միջուկային երրորդ էներգաբլոկի շինարարության գործնականում արդեն իրականացման պատրաստ նախագիծ։ «Մեր նախագծում մենք հաշվի ենք առել Հայաստանի բոլոր առանձնահատկությունները՝ սեյսմիկ բարձր վտանգավորությունը, այդ պատճառով մեր նախագծում նոր էներգաբլոկը տեխնիկապես ապահովագրված է ըստ Ռիխտերի սանդղակի 9 բալ ուժգնության երկրաշարժից։ Մենք հաշվի ենք առել նաեւ երկրորդ առանձնահատկությունը. դա այն է, որ Հայկական ԱԷԿ-ի վրայով են անցնում օդային ճանապարհները, այդ պատճառով նոր էներգաբլոկը պետք է ապահովագրված լինի ինքնաթիռների հնարավոր անկումից։ Ըստ մեր նախագծի, նոր էներգաբլոկը ապահովագրված է 4,5 տոննա քաշով ինքնաթիռների անկման դեպքերից»,- նշել է Մոսկալյովը։
Ընդ որում նա ընդգծել է, որ տենդերի մրցակցությունը մեծ է լինելու։ «Մեր հիմնական մրցակիցը, իհարկե, կլինի ամերիկյան Westinghouse ընկերությունը։ Իսկ այ ֆրանսիական Areva-ն, որը նույնպես մտադիր է մասնակցել տենդերին, առայժմ նախագիծ չի պատրաստել։ Այնուամենայնիվ, մենք հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունենք»,- հայտարարել է Պավել Մոսկալյովը։ Նա նշել է նաեւ, որ ընկերությունը ներկայումս աշխատում է Հայկական ԱԷԿ-ի զարգացման հեռանկարների ոլորտում։ ՓԲԸ-ի գործունեության առավել կարեւոր բաղկացուցիչն այն է, որ պատվիրատու-երկրում աշխատելու ժամանակ նա սերտորեն համագործակցում է տեղի նախագծային, շինարարական, գիտական, արդյունաբերական ընկերությունների հետ՝ դրանով իսկ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, ներգրավելով արդյունաբերական ներուժը, մատակարարումները, սարքավորումներն ու նյութերը։
«Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն ներկայումս միջուկային էներգիայի օբյեկտներ է կառուցում Բուլղարիայում, Հնդկաստանում, Բելառուսում։ Ընկերությունը նաեւ միջուկային էներգետիկ օբյեկտների տենդերների է մասնակցում Թուրքիայում, Մարոկկոյում, Հորդանանում, Չեխիայում, Չինաստանում։
Փաստաթղթով նախատեսվում է 60 տարի շահագործման ժամկետով 1,2 հազար մՎտ հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի (բլոկների) շինարարության հնարավորություն։ Միջուկային նոր էներգաբլոկի շինարարության համար Հայաստանին կպահանջվի շուրջ 4-5 մլրդ. դոլար։ Ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, նոր էներգաբլոկի շինարարությունը առանձնահատուկ նշանակություն կունենա երկրի համար՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանին հարեւան պետությունները էլեկտրաէներգիայի պակաս ունեն, իսկ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է էլեկտրաէներգիա արտադրել ոչ միայն սեփական կարիքների, այլեւ արտահանման համար։




























