Վրաստանի համար կանխատեսելի էր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի` 2012 թվի նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը: Սակայն «լավատեսության համար հիմքեր» Վրաստանում չեն տեսնում:
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Պուտինի թեկնածության առաջադրումը «հաստատեց մեր որոշման ճշմարտացիությունն այն հարցում, թե ով էր իրականում ղեկավարում Ռուսաստանը», հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 24-ին կայացած, «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր առաջադրվել 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություների ժամանակ։
Ինքը՝ Մեդվեդեւը, համաձայնել է դեկտեմբերի 4-ին Պետդումայում սպասվելիք ընտրություններին գլխավորել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը։
Մեդվեդեւը նշել է, որ պատրաստ է նախագահական ընտրություններից հետո աշխատել Ռուսաստանի կառավարությունում։
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի երկրորդ նախագահն է։ նախագահել է 2000-2008 թվականներին։ 2008 թվականի մայիսի 8-ից զբաղեցնում է Ռուսաստանի վարչապետի պաշտոնը։ «Եդինայա Ռոսիա»կուսակցության նախագահն է։



























