Հայաստանում տեղի ունեցած եւ գալիք ընտրությունները ֆարս են, ուղղակի ձեւականություն։ Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած, «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում եւ համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջեւ» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Նրա խոսքով, դրանով է պայմանավորված նույն քննարկմանը ներկա Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հանգստությունը։ «Ասում է՝ մենք պրոբլեմ չունենք, մենք չենք պատրաստվում։ Ի՞նչ պատրաստվել. ամեն ինչ գրված է։ Կոալիցիայի անդամները շատ են խոսում ժողովրդավարության մասին։ Ժողովրդավարություն չկա։ Չսիրված կուսակցություններն անցնում են խորհրդարան, չհարգված մարդիկ ընտրվում են պատգամավորներ։ Մարդիկ գիտեն՝ ում մասին եմ խոսում։ Ժողովուրդը մերվել է, պասսիվ է, նույն կերպ պասսիվ էին Արեւմտյան Հայաստանում, երբ մերվում էին թուրքերի հետ, մտածում էին կանցնի, բայց կորցրեցին հայրենիքը։ Մենք այսօր էլ ենք կորցնում հայրենիքը։ Ես էլ եմ կողմ արտահերթ ընտրություններին, թեկուզ մեկ ամիս շուտ։ Պետք է վերջ տալ այս համակարգին, որովհետեւ բոլորը ձեւ են տալիս, որ ժողովրդավարությամբ են զբաղվում։ Նայեք պատմությանը. ամեն ինչ կրկնվում է. առաջներում ավտորիտար պետություններում գլադիատորներ կային, ուրախացնում էին ժողովրդին, հիմա էլ Վիկ Դարչինյան կա, գլադիատոր է, ուրախացնում է ժողովրդին։ Ուրախացնում են ժողովրդին, համերգներ են տալիս, իսկ մենք մերվում ենք։ Ամեն ընտրության, չգիտեմ՝ ինչու, անցնում են նույն դեմքերը»,- նկատեց Կարապետյանը՝ հավելով, որ նրանք խորհրդարանում են հայտնվում «դաբրոյով»։
«Բոլորս գիտենք դա, բայց բոլորս հավաքվում ենք ու տրամաբանում ենք՝ իբրեւ ամեն ինչ լավ է։ Իրականում լավ չէ, լավ չի եղել ոչ մի նախագահի օրոք եւ այսօր լավ չի։ Ինչքան էլ ձեւ տաք, որ ամեն ինչ լավ է ասելով չի, աշխատելով է»,- նշեց Տիգրան Կարապետյանը։
Ամփոփելով՝ նա հայտարարեց, որ ինքը շատ կզարմանա՝ եթե օրերից մի օր ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ 10-20 տոկոս ձայն հավաքի։ Նշենք, որ խորհրդարանակն ընտրությունները Հայաստանում նախանշված են 2012 թվականի մայիսին։




























