Երեւանում սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցախմբի չորս անդամների մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Չորս անձանց` 32-ամյա Արամ Հայրապետյանին, 43-ամյա Սամվել Դավթյանին, 31-ամյա Դավիթ Գալստյանին եւ 21-ամյա Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 222 (Բանդիտիզմ) եւ 175 (Ավազակային հարձակում) հոդվածների հատկանիշներով: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածով, իսկ Արթուր Մանուկյանին` նաեւ 316 հոդվածով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Վերջինս գործողության ժամանակ կրակել էր ոստիկանի ուղղությամբ: Մեր տեղեկություններով, առաջիկա ժամերին մեղադրանք կառաջադրվի եւս երկու կասկածյալի, որոնցից մեկը բանդայի պարագլուխներից է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:


























