Լեհական հանձնաժողովը, կրկին հետաքննելով Սմոլենսկի ինքնաթիռի կործանման հանգամանքները, բողոք է ներկայացրել դատախազություն՝ նախագահ Լեխ Կաչինսկու և ինքնաթիռի մյուս ուղեւորների դեմ մահափորձի կասկածանքով։

«Չի կարող շարունակվել մի իրավիճակ, երբ մենք ունենք մահափորձի ապացույցներ, և չկա այս սարսափելի փաստի վերաբերյալ հետաքննություն»,- պարզաբանել է հանձնաժողովի ղեկավար Անտոնի Մաչևիչը, հաղորդում է РИА Новости-ն։ 

Փաստաթղթերի փաթեթը բաղկացած է ավելի քան 1500 էջից, որոնց մեծ մասն անհայտ է հանրությանը, պնդում է նա։ «Մոտ 800 էջ մանրամասն վերլուծություն, որը ցույց է տալիս, թե ռուսական ծառայությունները որքան են միջամտել Լեհաստանի գործերին, ինչպես են իրենցից կախվածության մեջ դրել և՛ ԶԼՄ-ների, և՛ առանձին քաղաքական գործիչների»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը։

Սպանության տեսության հիմնական ապացույցն օդանավի բեկորների վրա պայթուցիկների առկայությունն է և ինքնաթիռի ոչնչացման ռեկոնստրուկցիան, նշել է Մակերևիչը։ Ենթահանձնաժողովը բազմիցս հնչեցրել է այս փաստարկները, սակայն Լեհաստանի դատախազությունը դեռ չի հաստատել դրա թեզերը և մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ինքնաթիռում պլանավորված պայթյունների մասին ապացույցներ չկան։

2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկ-Սևերնի օդանավակայանում վայրէջք կատարելիս լեհական «բորտ № 1» Տու-154-ը վթարի է ենթարկվել։ Զոհվել է 96 մարդ, այդ թվում՝ պետության ղեկավար Լեխ Կաչինսկին՝ կնոջ հետ, հայտնի քաղաքական ու ռազմական գործիչներ։

Ողբերգությունից մեկ տարի անց Միջպետական ​​ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հետաքննության արդյունքներով հայտարարեց,  որ վթարի պատճառը մառախուղի պայմաններում այլընտրանքային օդանավակայան չմեկնելու՝ անձնակազմի որոշումն է եղել, իսկ համակարգային պատճառները՝ նախագահական ջոկատի օդաչուների ուսուցման թերությունները։ 

Լեհաստանի առաջին հանձնաժողովը՝ ՆԳ նախկին նախարար Եժի Միլլերի գլխավորությամբ, նմանատիպ եզրահանգման է եկել՝ վթարի պատճառը համարելով մառախուղի պայմաններում ինքնաթիռի թույլատրելի նվազագույնից ցածր իջնելը։ Լեհաստանի ներկայիս իշխանությունները չհամաձայնվեցին ՄԱԿ-ի զեկույցի և Միլլերի հանձնաժողովի եզրակացությունների հետ և որոշեցին ստեղծել երկրորդ հանձնաժողով, որն արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում ավարտել աշխատանքը։