Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի Ալիաբադի գյուղի դպրոցի վրացական բաժնի սկսնակ դասարանների ուսուցչուհուց, Վրաստան-Ադրբեջան սահմանի վրա ադրբեջանցի սահմանապահները վրացական դասագրքեր են խլել, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ըստ գործակալության, Վրաստանի խորհրդարանի որոշ անդամներ Վրաստան-Ադրբեջան սահմանի վրա տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սպասում են Վրաստանի ԱԳՆ արձագանքին:
Ինչպես գործակալությանը հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալարանիան, սահմանի վրա տեղի ունեցածն ուղղակիորեն կապ չունի արտաքին գերատեսչության իրավասությունների հետ:
«Ցավոք, միջադեպի վերաբերյալ որեւէ ինֆորմացիա չունենք: Իհարկե, կհետաքրքրվենք տեղի ունեցածով, կներգրավվենք գործի մեջ: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին եւ տեղեկություններ տարածելուն, ապա դրանով կզբաղվեն նման միջադեպերով հետաքրքրված համապատասխան կառույցները»,- հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալը:


























