Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքից սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոս Անջելես: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի առաջին օրը նա Մոնտեբելլո քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծառ տնկել հիշատակի պուրակում:
Սեպտեմբերի 25-ին, Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի եւ Կալիֆորնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում Նախագահը կարեւորել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման եւ Հայաստանի Հանրապետության հզորացման: Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաեւ Հայաստանի քաղաքացիների ներուժը: Նախագահի խոսքով, Հայաստանի անկախացումից ի վեր եղել են եւ՛ ձեռքբերումներ, եւ՛ բացթողումներ: Խոսել միայն բացթողումների մասին, ըստ Հանրապետության ղեկավարի, նշանակում է պատասխանատվությունը սեփական ուսերից գցել ուրիշի ուսերին: «Մենք տերն ենք եւ՛ բացթողումների, եւ՛ ձեռքբերումների»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, անշուշտ, այդ ներուժն ամբողջությամբ օգտագործելու դեպքում կարող էինք ունենալ ավելի շատ ձեռքբերումներ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ գործարարներին՝ անցած 20 տարիների ընթացքում հայրենիքի հզորացմանն ուղղված իրենց գործունեության համար: «Հույս ունեմ, որ ընդհանուր ջանքերով մենք տեսանելի ապագայում ունենալու ենք մի երկիր, որով բոլորս միասին հպարտանալու ենք»,-ասել է նա:
Լոս Անջելեսում Սրբոց Ղեւոնդյանց նորակառույց առաջնորդանիստ եկեղեցում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել պատարագին, որը համատեղ մատուցել են Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Կիլիկիո կաթողիկոսության նույն թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Եկեղեցուն հարակից առաջնորդարանի կենտրոնում այնուհետեւ տեղի է ունեցել ընդունելություն, որտեղ Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ թեմական խորհրդի ներկայացուցիչների եւ ԱՄՆ-ի արեւմտյան ափում բնակվող հայազգի բարերարների հետ:
Նույն օրը Սերժ Սարգսյանը մասնակցել է «Ամերիա» խմբի ներկայացուցչության բացման արարողությանը: Լոս Անջելեսում ՀՀ նախագահը ներկա է գտնվել Հայաստանի գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը եւս: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այդ ափում, անպայման հնարավորություն կգտնեն գոնե մեկ անգամ այցելելու մեր հյուպատոսարան: «Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այս մասում, իրոք, գան այստեղ: Կոչ եմ անում եւ՛ նրանց, ովքեր իշխանություններին սիրում են, եւ՛ նրանց, ովքեր իշխանություններին չեն սիրում, որովհետեւ շատ բան ժամանակավոր է. դժվարությունները ժամանակավոր են, նույնիսկ պատերազմն է ժամանակավոր, սիրելի կամ ոչ սիրելի իշխանությունները ժամանակավոր են, հավերժականը հայրենիքն է, իսկ հայրենիքի հետ կապող օղակը հենց այս շենքն է: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, որ մեր ժողովրդի համար ամենածանր պահերին հնարավորություն տվեց մեր հայրենակիցներին մուտք գործելու Միացյալ Նահանգներ, հնարավորություն տվեց արժանապատիվ ապրելու, զարգանալու, ինտեգրվելու այս հզոր երկրի հասարակության մեջ՝ ճանաչելի դարձնելով իր պատմական հայրենիքը: Մենք հպարտանում ենք ձեզնով եւ ամեն ինչ անելու ենք, որ դուք էլ մեզնով հպարտանաք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաեւ տեղի իշխանություններին:
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը, իսկ մինչ այդ, Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ:




























