Որեւէ կապ տեսնել Ռուսաստանի եւ Հայաստանի նախընտրական գործընթացների, ինչպես նաեւ թեկնածուների մեջ, չի կարելի, որովհետեւ այդ կապը երբեք չի եղել։ Այս մասին սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ այդ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու առաջարկին։

«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեն ռազմավարական միջպետական, այլ ոչ՝ փոխանցվող կամ տրանսֆորմացվող հարաբերություններ։ Երկու երկրների քաղաքական համակարգերը զարգանում եւ գործում են տարբեր հարթության մեջ»,- նկատեց նա։

Ասուլիսին ներկա, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նկատեց, որ Մեդվեդեւի նման առաջարկը Պուտինին անսպասելի չէր։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, խաղացողներն այստեղ շատ ավելին են, քան միայն Ռուսաստանն է։ Պուտինն այնուամենայնիվ, բավական մեծ հեղինակություն ուներ, որն իրեն օգնելու է»,- ասաց նա։

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ «այն,  ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում, բնականաբար, Մեդվեդեւի պատկերացումն ու առաջարկությունն էր Պուտինին, ինչի մասին վերջին ժամանակներս շատ էր խոսվում»։

«Դա Մեդվեդեւի իրավունքն էր առաջադրելու եւ Պուտինի իրավունքը՝ առաջարկն ընդունելու։ Կարծում եմ հարցը Հայաստանի հետ զուգակցելը տեղին չէ»,- նկատեց Մարգարյանը՝ հիշեցնելով, որ գալիք՝ 2013 թվականի նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը չի մասնակցելու, այլ աջակցելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պատրաստ է 2012-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել Ռուսաստանի նախագահի պաշտոնում։ Այդ մասին նա հայտնել էր «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ն համագումարում Պուտինին առաջարկել էր առաջադրվել 2012 թվականի ընտրություններին։

Ինքը՝ Մեդվեդեւը, համաձայնել էր դեկտեմբերի 4-ին Պետդումայում սպասվելիք ընտրություններին գլխավորել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը։

Մեդվեդեւը նշել էր, որ պատրաստ է նախագահական ընտրություններից հետո աշխատել Ռուսաստանի կառավարությունում։