Երեւանում վնասազերծված հանցախմբի պարագլուխը վաղաժամկետ ազատ չի արձակվել, նա ազատ է արձակվել իր պատիժը լրիվ կրելուց հետո: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է.
«Էլեկտրոնային եւ տպագիր մամուլում լուրեր են շրջանառվում, թե սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խմբի մահացած անդամը` Գուրգեն Հայրապետյանը, նախկինում ազատազրկման էր դատապարտվել 9 տարով եւ անցյալ տարի վաղաժամկետ պայմանական կարգով ազատ էր արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից:
Տեղեկացնենք, որ 29.01.1962 թ. ծնված Գուրգեն Հայրապետյանը ձերբակալվել է 2004-ի ապրիլի 22-ին, կալանավորվել` ապրիլի 23-ին: Հայաստանի վերաքննիչ դատարանի դատավճռով Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 222հ.1-ին մասի (բանդիտիզմ), 235հ.1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 316հ. 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 66հ.(պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) 6-րդ կետով դատապարտվել է 6 տարի 11 ամիս 28 օր ազատազրկման:
Հայտնում ենք, որ, Գուրգեն Հայրապետյանը պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել 2010 թ.-ի մարտի 23-ին»:




























