Հայաստանի ամերիկյան համալսարանում, այսօր` սեպտեմբերի 26-ին, մեկնարկել է մեկշաբաթյա հանդիսությունների շարքը` նվիրված Կրթության Փառատոնին: Այն մեկնարկել է Հակոբ Փանոսյանի «Վերլուծություններ, հետազոտություն եւ պլանավորում` 21-րդ դարում հզոր Հայաստան ունենալու համար» զրույցով: Զրույցին ավելի քան 200 ներկաներ էին հավաքվել:
Համալսարանի ամենօրյա միջոցառումների շարքում, որ կսկսվի սեպտեմբերի 26-ին եւ կավարտվի հոկտեմբերի 1-ին ներառված են նաեւ 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսությունը, նաեւ Հայաստանի ԿԳՆ-ի եւ Կալիֆորնիայի համալսարանի համահովանավորությամբ կազմակերպված «Բարձրագույն ակադեմիական կրթության սահմանագծերը» թեմայով կոնֆերանսը:
Կրթությունն ու տեխնոլոգիան ցանկացած զարգացող երկրի ապագայի եւ տնտեսական վերելքի խթանիչն են, իր ելույթում նշել է Փանոսյանը. «Ներդրումները զարգացման եւ հետազոտությունների, կրթության ու մասնագիտական վերապատրաստման բնագավառում այն կարեւորագույն գործոններն են, որոնք ապահովում են գիտելիքի տարածումը պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով` տնտեսական բարձր ցուցանիշների հասնելու համար»:
«Գիտելիքահենք տնտեսությունը կհամալրի մարդկային կարողությունները եւ կխթանի մրցունակությունը: Գիտելիքի կիրառումը նորարարության եւ ձեռներեցության, հետազոտության եւ զարգացման ասպարեզներում եւ մարդկանց` իրենց կրթությունը եւ մասնագիտական հմտությունները օգտագործելու կարողությունը, տնտեսության կայուն աճի հիմնական գրավականներն են: Դր. Փանոսյանը խոսեց նաեւ այն մասին, թե ինչպես է Հետազոտությունների եւ զարգացման կենտրոն- ինստիտուտը աջակցում կրթությանն ու գիտությանը, նորարարության եւ տեխնոլոգիայի ներմուծմանը եւ հանրային առողջապահությանը Հայաստանում»,- ասել է նա:




























