ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային կործանիչը կալանել է ձկնորսական նավ, որի անձնակազմը փորձում էր Օմանի նեղուցով 42 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ տեղափոխել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարությանը։

Նշվում է, որ կործանիչն այսպես կոչված Joint Task Force-ի մաս է կազմում, որը ներառում է 38 երկիր և պարեկություն է իրականացնում մերձավորարևելյան երկրների մոտ գտնվող ջրերում։

Ամերիկյան զինվորականների տվյալներով՝ կալանված նավի անձնակազմի չորս անդամներն իրենց որպես Իրանի քաղաքացիներ են ճանաչել։

Մինչ ամերիկյան նավը հասել է մաքսանենգներին, նրանք փորձել են ծովը նետել 50 պարկ թմրանյութ: Թմրամիջոցների մի մասը հետագայում հայտնաբերվել է ջրից:

Ընդհանուր առմամբ, ըստ զինվորականների, 2023 թվականի սկզբից ԱՄՆ ռազմածովային ուժերն այս շրջանում մաքսանենգներից առգրավել են մոտ 150 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութեր։