Ապրիլի 27-ին Դուշանբեում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Ինչպես պարզաբանել են ՀԱՊԿ-ում, «նախատեսվում է քննարկել սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ստանդարտացման, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների եւ կազմակերպությունների  բազմակողմ փոխգործակցության զարգացման վերաբերյալ հետագա միջոցառումների բովանդակությունը»։

Միջոցառումը կնախագահի ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը, նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովի նիստի նախօրեին տեղի կունենան ՀԱՊԿ-ի  հանձնաժողովին կից սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ստանդարտացման, ինչպես նաեւ մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության հարցերով համակարգող խորհուրդների նիստերը։