Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանին ազատել են աշխատանքից Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի հրամանով` բժշկական էթիկայի ու նորմերի կոպիտ խախտման հիմնավորմամբ: 

Բժշկուհուն աշխատանքից ազատելու գործում իր ազդեցությունն է ունեցել նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նամակը, որով վերջինս մարզպետին առաջարկում էր կասեցնել Մետաքսյա Հովհաննիսյանի գործունեությունն այդ պաշտոնում: Նախարար մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մարզային հաստատություններում նման որոշումները կայացվում են մարզպետարաններում:

«Նախարարությունը հանձնաժողով էր ուղարկել Վայոց ձոր` տեղում ուսումնասիրություններ կատարելու եւ նյութեր հավաքելու: Վերջնական եզրակացությունը չի հրապարակվել, քանի որ արդեն հարուցվել էր քրեական գործ, սակայն հանձնաժողովը փաստել էր, որ «կան որոշակի բացթողումներ»: Այդ բացթողումները նկատի ունենալով սեպտեմբերի կեսերին նամակ է ուղարկել մարզպետին եւ առաջարկել է զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, նաեւ կասեցնել Մետաքսյա Հովհաննիսյանի պաշտոնավարումը»,- նշեց Շուշան Հունանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա.Թորոսյանին եւ սպասել են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների էր հանգեցրել հղի կնոջ մոտ ծննդաբերության ժամանակ:Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ էլ նա մի քանի օր անց մահացել էր: Հայաստանի ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):