Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպում առաջիկայում նախատեսված չէ։ Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։

«Նման ծրագրեր այս պահին գոյություն չունեն։ Մենք Ռուսաստանի հետ լուրջ աշխատում ենք եւ ունենք բովանդակալից հանդիպումներ այդ երկրի իշխանությունների հետ։ Ժամանակ առ ժամանակ գնում եմ Մոսկվա, եւ այդ հանդիպումները կայանում են։ Այնպես որ, բավական կառուցողական համագործակցություն կա։ Բնական քննարկումներ են, միայն Ռուսատանի հետ չէ, որ նման քննարկումներ ենք ունենում, բոլոր շահագրգռված, հետաքրքրված օտարերկրյա ներկայացուցիչների հետ էլ ունենում ենք։ Վերջերս օրինակ, եվրոպացի դեսպանների հետ ենք հանդիպել, Հայաստանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատարի եւ այլն»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Զուրաբյանի խոսքով,  նրանց բոլորի հետ քննարկվում են նույն հարցերը։ «Բոլորը հետաքրքրված են հասկանալու, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ի՞նչ ներքին քաղաքական զարգացումներ են ընթանում եւ ո՞ւր են դրանք տանում»,- նկատեց ՀԱԿ համակարգողը։