Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն արգենտինացի հասարակական գործիչների եւ լրագրողների պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ Արգենտինան ներկայացնող գործիչներին, ովքեր իրենց հայրենիքում ջանքեր են գործադրում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու եւ հնարավորության սահմաններում որոշակի օգնություն ցուցաբերելու համար:
Ներկաների խնդրանքով նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է մեր տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումներին եւ ընդգծել, որ Հայաստանը շարժվում է հարեւանների հետ կարգավորված եւ բարիդրացիական հարաբերություններ ձեւավորելու սկզբունքներով:
Զրույցի ընթացքում Վահագն Խաչատրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի:




























