Վրաստանը կատարել է առաջարկությունների մեծ մասը և արժանի է, որ 2023 թվականի վերջին ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանա։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը, հայտնում է Sputnik-Грузия-ն։
Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպումն անցկացրել է Բրյուսել կատարած այցի շրջանակներում։ Կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ղարիբաշվիլիի և Եվրախորհրդի նախագահի հանդիպման հիմնական թեման եղել է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
Վարչապետը Շառլ Միշելի հետ կիսվել է Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին և նշել, որ այս գործընթացում կառավարությունը մշտապես խորհրդակցում է ԵՄ կառույցների և անդամ երկրների, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ։
Վրաստանի կառավարության ղեկավարը սոցցանցերում ամփոփել է Եվրախորհրդի նախագահի հետ բանակցությունների արդյունքները եւ հանդիպումն արդյունավետ անվանել։
«Մեր միջև հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվում։ Վրաստանը պատրաստ է ավարտին հասցնել 12 առաջարկությունների կատարման գործընթացը և արժանի է թեկնածուի կարգավիճակի։ Վրաստանի և Եվրամիության համատեղ ջանքերով մենք կնպաստենք տարածաշրջանում խաղաղությանը, ժողովրդավարությանը և տնտեսական աճին»,- նշել է Վրաստանի վարչապետը։
Եվրախորհուրդը 2022 թվականի հունիսին որոշեց ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնեց տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, հենց որ կատարվեն 12 առաջարկությունները։




























