Երեքշաբթի օրը ինը հանրապետական ​​սենատորներից բաղկացած խումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Huawei Cloud տեխնոլոգիական ընկերության և չինական այլ ամպային ծառայություններ մատուցողների նկատմամբ՝ վկայակոչելով ազգային անվտանգության մտահոգությունները, ասվում է նամակում, գրում է Reuters-ը։

Սենատոր Բիլ Հագերթիի կողմից առևտրի և ֆինանսների նախարարություններին ուղարկված նամակում ասվում է, որ Չինաստանի ամպային հաշվողական ընկերությունները «ավելի հաճախ  են համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, որոշ դեպքերում պատժամիջոցների տակ գտնվող օտարերկրյա կազմակերպությունների հետ, որոնք ուղղակիորեն վիճարկում են Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների ու գործընկերների ազգային ու տնտեսական անվտանգությունը»։

«Մենք կոչ ենք անում օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ պատժամիջոցների, արտահանման սահմանափակումների և ներդրումների արգելքների միջոցով այդ ընկերությունների դեմ որոշիչ գործողություններ ձեռնարկելու համար և շարունակել հետաքննել ՉԺՀ-ի՝ ամպային հաշվողական ծառայություններ տրամադրող ընկերությունների գործունեությունը», - ասվում է նամակում, որը ստորագրել են նաև սենատորներ Թոմ Թիլիսը, Մարկո Ռուբիոն, Սթիվ Դեյնսը, Թեդ Քրուզը, Ջոնի Էռնստը, Քեթի Բրիթը, Քևին Կրամերը և Դեն Սալիվանը։

Նամակը նաև խնդրում է Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին Alibaba Cloud-ը ներառել Առևտրի նախարարության արտահանման վերահսկման ցուցակում՝ պնդելով, որ դրա սերտ կապերը չինական բանակի հետ «այն ակնհայտ շարունակական սպառնալիք են դարձնում ազգային անվտանգության համար», և որ գանձապետարանը պետք է Alibaba Cloud-ը ներառի Չինաստանի ռազմաարդյունաբերական համալիրին մասնակցող ընկերությունների ցանկում։