Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման կդիմեն մայիսի 2-ից հետո, երբ անձրեւներն անցնեն։ Այս մասին ասել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ի՞նչ է տեղի ունենում Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման հետ։ Այսօր անձրեւ է տեղում։ Մայիսի 2-ին պետք է տեղա վերջին անձրեւը։ Եվս մեկ շաբաթ անհրաժեշտ է, որ քամին չորացնի հողը։ Դրանից հետո Ուկրաինայի ԶՈՒ-ն պատրաստ կլինի առաջ շարժվել։ Արդյո՞ք նրանք դա կանեն մայիսի 9-ին՝ փչացնելու տոնը։ Միգուցե՝ այո, միգուցե՝ ոչ»,-ասել է նա՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցին։ Պրիգոժինի պատասխանը հրապարակվել է չորեքշաբթի օրը նրա մամուլի ծառայության Telegram ալիքում։
«Ուկրաինացիների հարձակումն անխուսափելի է»,-հավելել է նա։
Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր հակահարձակման թեման լրատվամիջոցներում շրջանառվում է արդեն մի քանի ամիս։ ԶԼՄ-ներում տարբեր ժամկետներ են նշվել։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Արեւմուտքի երկրների բացահայտ դատողությունները գալիք ուկրաինական հակահարձակման մասին հաստատում են նրանց անմիջական ներգրավվածությունը հակամարտությունում։





























