ՀԱՊԿ երկրները պետք է զարգացնեն ռազմական նշանակության արտադրանքի թողարկման գիտաարտադրական կոոպերացիան։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը կազմակերպության մասնակից երկրների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք բախվել ենք աշխարհաքաղաքական անկայունության դժվար փուլի։ Դա էլ ավելի հրատապ է դարձնում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական պոտենցիալն ինտենսիվորեն մեծացնելու խնդիրը։ Այս նպատակին հասնելու հիմնական գործիքներից մեկը ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, դրա արդիականացման եւ նորոգման գիտաարտադրական կոոպերացիան է»,- ասել է Մանտուրովը։
Նա նշել է, որ նիստի ժամանակ հանգամանալիորեն քննարկվել է «մեր պաշտպանական ձեռնարկությունների հետագա ինտեգրման առաջարկությունների համալիրը»։
«Այստեղ կարեւոր է հաշվի առնել ազգային շահերը, չխախտել արդեն ձեւավորված հավասարակշռությունը խնդիրների եւ մասնագիտացման բաշխման մասով, ինչպես նաեւ շեշտադրել սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ստանդարտացումը ՀԱՊԿ շրջանակում»,- ասել է ռուս նախարարը։





























