Մարտական ավիացիա կարող է հայտնվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական ուժերի կազմում, առաջարկություններ են նախապատրաստվում, որոնք կներկայացվեն կազմակերպության ղեկավարությանը: Այս մասին ուրբաթ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պաշտպանական գերատեսչությունների եւ բազային գիտահետազոտական կազմակերպությունների հետ համատեղ պատրաստվում է առաջարկություն բարձրագույն ղեկավարությանը ավիացիոն բաղադրիչի արմատական կատարելագործման վերաբերյալ, որը նախատեսում է հավաքական ավիացիոն ուժերի կազմում ներառել մարտական ավիացիան»,-ասել է նա։
Միեւնույն ժամանակ Սիդորովը նշել է, որ ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին համարժեք եւ արդյունավետ արձագանք ապահովելու նպատակով աշխատանքներ են տարվում զորքերի կազմում նոր տարրերի ստեղծման ուղղությամբ: «Այսպես, 2022 թվականին կենսաբանական անվտանգության սպառնալիքների առաջացման կապակցությամբ պետությունների ղեկավարների որոշմամբ ստեղծվել է ճառագայթային, քիմիական, կենսաբանական պաշտպանության եւ բժշկական ապահովման համատեղ ձեւավորում»,-ասել է նա։




























