ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունված բանաձեւում «Թալիբան» իսլամական արմատական շարժմանը կոչ է արել դադարեցնել կանանց նկատմամբ թշնամական քաղաքականությունը: Ճապոնիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ներկայացված բանաձեւի նախագծին ապրիլի 27-ի երեկոյան հավանություն են տվել համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 երկրները:
Փաստաթղթում ընդգծվում է, որ թալիբները պետք է անհապաղ հրաժարվեն կանանց հիմնարար իրավունքների սահմանափակումից եւ Աֆղանստանում կանանց ու աղջիկների համար ապահովեն «անսահմանափակ, իրավահավասար, ողջամիտ եւ անվտանգ մասնակցություն երկրի կյանքին»։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաեւ դատապարտել Է Աֆղանստանի կառավարիչների որոշումը՝ արգելել աֆղանստանցի կանանց համագործակցել ՄԱԿ-ի հետ:
Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ է կրում, փորձագետները չեն ակնկալում, որ թալիբները կփոխեն իրենց քաղաքականությունը:
Ապրիլի սկզբին համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Աֆղանստանում իշխող թալիբների որոշմամբ աֆղանստանցի կանայք այլեւս իրավունք չունեն աշխատել ՄԱԿ-ում։




























