Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն ապրիլի 28-ին ընտրվեց Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

Շնորհակալություն հայտնելով խմբի անդամներին վստահված բարձր պատասխանատվության համար՝ դեսպան Պապիկյանը կարեւորեց Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների շրջանակներում խմբի տեսանելիության բարձրացումը։

Անդրադառնալով 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների XII գագաթաժողովին՝ դեսպան Պապիկյանը շեշտեց գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականությունն այսօր, տարբեր ճգնաժամերի լույսի ներքո։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Խմբի  առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր։

Թեմատիկ քննարկման շրջանակներում ՄԱԿ Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը ներկայացրեց հանձնաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը եւ հանձնաժողովի առաջիկա երկու տարիների ծրագրերը։