Իրավապահ մարմինների բոլոր ծառայողներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է դրսեւորեն պատշաճ եւ իրավաչափ վարքագիծ՝ հարգելով քաղաքացիների, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց արժանապատվությունը եւ երաշխավորելով նրանց հիմնական իրավունքների իրացումը: Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերեւույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ եւ ահազանգեր:  Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել են բողոքի քննարկման ընթացակարգեր:

ՄԻՊ աշխատակազմում նշված դեպքերով իրականացված ուսումնասիրությունները, քաղաքացիների հետ տեղի ունեցած առանձնազրույցներն ու արդյունքում վերհանված խնդիրները պարունակում  են բռնության եւ ոչ համաչափ ուժի կիրառման առերեւույթ դրսեւորումների վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններ:

Դրանց շրջանակում վերջնական դիրքորոշումն ու արդյունքները հնարավոր կլինի ամբողջական ամփոփել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով իրավասու պետական մարմիններից համապատասխան պարզաբանումներ ստանալուց հետո:

Միեւնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է. բռնության ցանկացած դրսեւորում խիստ անընդունելի եւ դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

Իրավապահ մարմինների բոլոր ծառայողներն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս պետք է դրսեւորեն պատշաճ եւ իրավաչափ վարքագիծ՝ հարգելով քաղաքացիների, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց արժանապատվությունը եւ երաշխավորելով նրանց հիմնական իրավունքների իրացումը:

Իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն համաչափ, ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան»,- ասվում է հայտարարությունում: