Արարատի մարզի Ոստան գյուղի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ հետ գողություններ է արել գյուղի գերեզմանատնից եւ Վերին Արտաշատ տանող ճանապարհի ամառանոցներից: Իրավապահներին հաջողվեց նաեւ պարզել, որ ընկերը Բաղրամյան գյուղից է, 20 տարեկան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 25-ի առավոտյան ոստանցի երիտասարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց կատարածներն ու պատմեց մանրամասներ: Մասնավորապես, անցած ամիսների ընթացքում երիտասարդները մի առանձնատան բաց դռնով մտել ու գողացել էին սառնարան, ձայնարկիչ ու կենցաղային իրեր: Պարզվել է նաեւ, որ նրանք երկու անգամ գողացել են գերեզմանոցի ցանկապատի խողովակներ եւ ալյումինե դետալներ:
Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ, գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բաղրամյանցի 20-ամյա երիտասարդին հայտնաբերելու, նաեւ այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:





























