Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման ավելի շատ դեպք է արձանագրվել, քան նախկինում՝ մեկ տարվա ընթացքում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալները։
Մասնավորապես՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2023թ․ առաջին եռամսյակում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 981 դեպք, որոնց մեծ մասը՝ 551-ը վերաբերվում է թմրանյութերի ապօրինի իրացմանը: Համեմատության համար նշենք, որ 2020թ․ ամբողջ տարվա ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման 532, 2020 թ.` 529, իսկ 2022թ․՝ 1031 դեպք։
Առաջին եռամսյակում արձանագրված հանցագործության 981 դեպքերից 395-ն էլ վերաբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ (նախկին ՔՕ 268-րդ) հոդվածին՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը, 26-ը՝ ՔՕ 399-րդ (նախկին ՔՕ 267.1-րդ) հոդվածին՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությանը, 8-ը՝ ՔՕ 404-րդ (նախկին ՔՕ 273-րդ) հոդվածին՝ շրջանառությունն արգելված թմրանյութեր, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելուն կամ աճեցնելուն և 1-ը՝ ՔՕ 395-րդ (նախկին ՔՕ 267-րդ) հոդվածին` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող նյութերի, սարքավորումների կամ գործիքների օրինական շրջանառության կանոնները խախտելուն։
Իրավապահ կառույցից ստացված տվյալների համաձայն՝ 2023թ. առաջին երեք ամիսների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով քրեական պատասխանատվության է ենթարկվել 144 անձ, այդ թվում՝ երկու կին և մեկ անչափահաս։ Քրեական պատասխանատվության ենթարկված անձանցից 18-ը եղել են 18-ից 24 տարեկան, 33-ը՝ 25-ից 29 տարեկան, 57-ը՝ 30-ից 49 տարեկան, իսկ 35-ը՝ 50-ից բարձր տարիքի։
Նշենք, որ ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի։ Հայաստանում վերջին տարիներին մեծ ծավալներ են ստացել սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ «Տելեգրամ» ալիքների օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերը, սակայն նշված եղանակով իրացման դեպքերի առանձին հաշվառում չի իրականացվում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Հայաստանում ապօրինի թմրամիջոց վաճառող մոտ 2000 տելեգրամյան ալիք կա։ Դատախազության հրապարակած պաշտոնական տվյալներով՝ 2020-2022թթ․ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող և մի շարք քրեական վարույթներով անցնող տելեգրամյան ալիքներում առկա տվյալների համաձայն՝ նախաքննության ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արժեքը վաճառքի գներով կազմել է շուրջ 180 միլիոն դրամ, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ առնչություն ունեցող էլեկտրոնային դրամապանակներով և տարբեր հաշիվներով շրջանառվել է շուրջ 320 միլիոն դրամ։





























