Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ժառանգները 2024թ. գարնանրը լույս կընծայեն նրա «Կտեսնվենք օգոստոսին» չհրատարակված վեպը, որը 52-ամյա կնոջ մասին պատմությունների ժողովածու է։ Կինն ամեն տարի օգոստոսին այցելում է մոր գերեզմանին եւ պատմում իր ապրումների մասին։
Մարկեսը վեպը գրելու աշխատանքը թողել է 2004թ. առողջական խնդիրների պատճառով։ Գրողի մահվանից հետո վեպը գրեթե տասը տարի մնացել է Տեխասի համալսարանի արխիվում։
Ժողովածուից մի հատված 2014թ. հրապարակվել է իսպանական La Vanguardia պարբերականում։ Այն գլխավոր հերոսուհու ամառանոցային սիրավեպի մասին է։ Քննադատներն այն ժամանակ նշել էին «սյուժեի նկարագրման էրոտիկ տոնը՝ կղզու մերձարեւադարձային շարմի, բնանկարի, երաժշտության եւ տեղի բնակիչների մասին վեհ մանրամասներով»։
«Կտեսնվենք օգոստոսին» վեպի հրատարակումը կնվիրվի Մարկեսի մահվան տասներորդ տարելիցին։ Թողարկողը Penguin Random House հրատարակչությունն է լինելու։ Այն կհայտնվի իսպանախոս բոլոր երկրներում, բացի Մեքսիկայից։ Այնուհետեւ վեպը կթարգմանվի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ արաբերեն։





























