Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, սեպտեմբերի 27-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել վնասազերծված հանցախմբի եւս երեք անդամների նկատմամբ:
Դատարանը բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի միջնորդությունը եւ կալանավորել է Ռուբեն Կարաօղլանյանին, Քյարամ Ամոյանին ու հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտյուշա Հակոբյանին: Ի դեպ, նույն օրը կալանքի որոշում է կայացվել նաեւ Արտյուշա Հակոբյանի կնոջ` Մարիամ Հակոբյանի նկատմամբ:
Սեպտեմբերի 23-ին կալանքի որոշում էր կայացվել հանցախմբի չորս անդամների` Արամ Հայրապետյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի եւ Արթուր Մանուկյանի նկատմամբ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 222 (Բանդիտիզմ) եւ 175 (Ավազակային հարձակում) հոդվածների հատկանիշներով: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածով, իսկ Արթուր Մանուկյանին` նաեւ 316 հոդվածով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:
Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները:




























