Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը նորմալ է գնահատում Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին հայտարարությունը, համաձայն որի Հայաստանում ներկա բարդ իրավիճակը Լեւոն Տեր-Պետրոսյանից ստացած ժառանգություն է։ Այս մասին Մակեյանն ասաց այսօր` սեպտեմբերի 28-ին, ասուլիսի ժամանակ։
«Նա ասում է այն, ինչ այսօրվա իշխանություններն են ասում։ Ես նրա ասածը նորմալ եմ գնահատում, կարծիք է, ասել է։ Այս ռեժիմից ցավոք սրտի, սպասելիքներ ունի միայն միջազգային հանրությունը։ Եւ այդ սպասելիքներն ստանալու համար առայժմ սպասարկում են այս ռեժիմին։ Եթե այս ռեժիմը սպասելիքները՝ ղարաբաղյան հարցի, հայ-թուրքական գործընթացի մասով, չտա, ապա հաջորդ օրը միջազգային հանրությունը թողնելու են նրան»,- նկատեց Մակեյանը։
Ասուլիսին ներկա մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի հարթակից վերոնշյալ հարցերի վերաբերյալ աշխարհին հայտնեց Հայաստանի հստակ դիրքորոշումը։
Նշենք, որ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Հայաստանում ներկա բարդ իրավիճակը Լեւոն Տեր-Պետրոսյանից ստացած ժառանգություն է: Նրա խոսքով, այն գործընթացները, որոնք հանգեցրել են տնտեսության օլիգոպոլիզացման, ծնվել են հենց այն տարիների քաղաքականության արդյունքում:




























