Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 41-ամյա Կարապետ Միքայելյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ նրան սրտի շտապ փոխպատվաստում է անհրաժեշտ: Նրան օրեր առաջ տեղափոխել են Մոսկվայի կլինիկաներից մեկը, որտեղ էլ ախտորոշում են արել:

Կարապետի կինը` Սվետլանան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այժմ ամուսնու վիճակը փոքր-ինչ լավացել է, սեպտեմբերի 27-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից:

«Այժմ նա մեկ ամիս գտնվելու է բժիշկների վերահսկողության տակ, մի փոքր լավացում է իր մոտ գրանցվել: Տանը մնալու է անկողնային վիճակում: Մեկ ամիս պետք է հանգիստ մնա, քանի որ աշխատունակ չէ: Մեկ ամիս հետո սրտի հետազոտություն կիրականացնեն, որպեսզի պարզեն դրական առաջընթաց կա, թե` ոչ»,- նշեց Սվետլանան:

Վերջինիս խոսքով, շատերն են արձագանքել օգնության իրենց խնդրանքին, նրա ռուբլով հաշվեհամարին արդեն 23 հազար ռուբլի է փոխանցվել: «Արդեն այսօր ձեռքիս կլինի արժութային հաշվեհամարի քարտը, որի վրա նույնպես խոստացել են փոխանցումներ անել: Շատերն են արձագանքել Ռուսաստանի տարբեր շրջաններից եւ Հայաստանից: Շատ շնորհակալ եմ նրանց»,- նշեց Սվետլանան Միքայելյանը:

Նա ասաց, որ Հայաստանից հիմնականում զանգահարում են լրագրողները, երկրպագուները, նաեւ այն ակումբների ֆուտբոլիստները, որտեղ խաղացել է Կարապետ Միքայելյանը. «Հայաստանի հավաքականից են զանգահարել, Ռուսաստանի ֆուտբոլային ակումբներից»:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը` Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Ռոման Բերեզովսկիին եւ ասել է, որ կաջակցեն: Առաջիկա օրերին խաղ է կայանալու Սանկտ-Պետերբուրգում, որից հետո Բերեզովսկին կմեկնի Հայաստան եւ կհանդիպի Ռուբեն Հայրապետյանի հետ»,- նշեց ֆուտբոլիստի կինը:

Խոսելով ամուսնու առողջական վիճակի մասին` նա նշեց, թե զրուցել է բուժող բժշկի հետ եւ հույս կա, որ ցողունային բջիջների փոխպատվաստումը հնարավոր է: «Սիրտը արյուն չի մղում,  եւ առաջարկվել էր միկրոմղիչ տեղադրել, որ խթանի սրտամկանի աշխատանքը: Բայց քանի որ նրա մոտ սրտամկանի բորբոքում է, պրոֆեսորը չի թույլատրել նման վիրահատություն` պնդելով, որ մեկ ամիս անց պարզ կլինի, թե ինչ վիրահատություն է անհրաժեշտ:

Ախտորոշումը հաստատվել է երկու կլինիկաներում, որտեղ ասել են, որ նման ախտորոշմամբ հնարավոր է միայն սրտի փոխպատվաստում: Հետազոտությունից հետո պարզ կլինի վիրահատությունը Ռուսաստանում կարվի, թե արտերկրում: Դա նաեւ պայմանավորված կլինի հավաքված գումարով»,- ասաց Սվետլանան: