Երեւանում, այսօր` սեպտեմբերի 28-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 63/1 հասցեում մարդ են սպանել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը քարի վերամշակման արտադրամասի տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է արտադրամասի տնօրեն, 73-ամյա Շալիկո Եղինյանի դիակը` գլխի շրջանում բութ գործիքով հասցված վնասվածքների հետքերով:
Նույն օրը, ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 57-ամյա Սուրեն Բ.-ն եւ հայտարարել, որ ժամը 10.30-ի սահմաններում, արտադրամասի աշխատանքները կազմակերպելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ինքն է երկաթյա լինգով հարվածել Եղինյանի գլխին:Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք լինգը:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կատարվում է նախաքննություն:




























