«Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը պնդել է, որ իր որդիները` Արտուշ Հակոբյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ոչ մի կապ չունեն անցած շաբաթ հայտնաբերված բանդայի հետ:
Նախաքննական մարմնի պնդմամբ, հենց Արտուշ Հակոբյանն է վնասազերծված բանդայի պարագլուխը: Նրան երեկ արդեն մեղադրանք է ներկայացվել բանդիտիզմի եւ ավազակային հարձակման հոդվածներով:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հայտարարել է, որ փորձ է արվում իր ձեռքից խլել բիզնեսը, դրա համար էլ իր ընտանիքի անդամներին կալանավորում են: Նա տեղեկացրել է, որ ավագ որդուց` Արտուշ Հակոբյանից բացի, տարել են նաեւ մյուս որդուն` Անդրանիկին, ում երեկվանից հարցաքննում են։ Բացի այդ, արդեն 4 օր է` կանանց գաղութում է գտնվում նաեւ հարսը` Մարինա Գեորգաձեն, ով կալանավորված Արտուշ Հակոբյանի կինն է։ Սուրիկ Հակոբյանի խոսքով, անգամ իր 13 տարեկան թոռնիկին են տարել հարցաքննության: Նկատենք, որ այս մասին ոստիկանությունը որեւէ տեղեկատվություն չի տրամադրել:
Ոստիկանության փոխանցմամբ բանդան վնասազերծվել էր սեպտեմբերի 23-ին, իսկ Արտուշ Հակոբյանը ռեստորանից բերման է ենթարկվել սեպտեմբերի 24-ի երեկոյան:
Սուրիկ Հակոբյանը, հերքելով որդուն ներկայացված մեղադրանքները, հարցնում է․«Եթե ինքը պարագլուխ էր, ինքը չէր կարող ներկա լիներ դատախազի ծնունդին։ Կամ իմ որդին ինչպե՞ս կարող էր չխուսափել, չփախչել, եթե իր ընկերներին արդեն կալանավորել էին, իրենց ասելով․․․ ինքը գնացել էր ծնունդ, այն էլ զենքով․․․ սուտ են ասում, հերյուրանք է։ Ես որ Գառնիում կարողանում եմ մի հարյուր հոգի մարդ աշխատեցնել՝ ուզում են խանգարել իմ աշխատանքը, ուրիշ ոչինչ»։
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, սեպտեմբերի 27-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել Ռուբեն Կարաօղլանյանի, Քյարամ Ամոյանի ու հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտյուշա Հակոբյանի նկատմամբ: Ի դեպ, նույն օրը կալանքի որոշում է կայացվել նաեւ Արտյուշա Հակոբյանի կնոջ` Մարինայի նկատմամբ: Սեպտեմբերի 23-ին կալանքի որոշում էր կայացվել հանցախմբի չորս անդամների` Արամ Հայրապետյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի եւ Արթուր Մանուկյանի նկատմամբ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 222 (Բանդիտիզմ) եւ 175 (Ավազակային հարձակում) հոդվածների հատկանիշներով: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածով, իսկ Արթուր Մանուկյանին` նաեւ 316 հոդվածով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:
Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները:



























