Հայ Ազգային Կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ, ովքեր սեպտեմբերի 30-ի ՀԱԿ-ի հանրահավաքի մասին իրազեկում են անցկացրել Երեւանի կենտրոնում, «Երևան» կինոթատրոնի մոտակայքում, ենթարկվել են հարձակման:
Նրանց իրազեկմանը խոչընդոտել են 7-8 երիտասարդներ, որոնց վրայից երիտասարդներն ալկոհոլի ուժեղ հոտ են զգացել: Հարբածները երիտասարդ ակտիվիստներից պահանջել են իրենց թաղում իրազեկում չանցկացնել:
Կոնգրեսի տղաները որոշել են նրանց հետ շփման մեջ չմտնել ու հեռացել են Հանրապետության հրապարակի ուղղությամբ, սակայն ոչ սթափ վիճակում գտնվող տղաները հետապնդել են ակտիվիստներին եւ արդեն հրապարակի շատրվանների մոտ սկսել են քաշքշել, հարվածել նրանց եւ խլելով ակտիվիստների ձեռքին եղած թերթոնները, նետել են ջուրը:
Տեղի ունեցածի մասին ակտիվիստները տեղյակ են պահել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
ՀԱԿ-ից տեղեկանում ենք, որ դեպքից շուրջ կես ժամ անց, դեպքի վայր են եկել Կենտրոնի ոստիկանության քրեականի պետ Հովհաննիսյանն ու նրա տեղակալ Ամիրխանյանը, որոնց ներկայացվել են միջադեպի մանրամասները: Այստեղ է ժամանել նաեւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդները նշել են, որ իրազեկման ողջ ընթացքում իրենց ուղեկցել է ոստիկանական մեքենան, սակայն միջադեպի ժամանակ ոստիկանական մեքենան հեռացել է: Սա տղաներին հիմք է տվել ենթադրելու, որ տեղի ունեցածը սադրանք է:



























