Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 4-րդ տուրում Միկայի տղամարդկանց եւ կանանց թիմերը պարտություն կրեցին:
Տղամարդկանց մրցաշարում Միկան հանդիպեց ուժեղագույն ակումբներից մեկի` Բադեն Բադենի հետ եւ պարտվեց 2:4 հաշվով: Ոչ ոքի ավարտվեց Մայքլ Ադամս - Գաբրիել Սարգսյան, Արկադի Նայդիչ - Արման Փաշիկյան, Պիտեր Նիլսեն - Զավեն Անդրիասյան, Յան Գուստաֆսոն - Ավետիք Գրիգորյան պարտիաները: Տիգրան Պետրոսյանը պարտվեց Ալեքսեյ Շիրովին, Հրանտ Մելքումյանը` Էթյեն Բաքրոյին:
Միկան 17 միավորով 9-րդ տեղում է: Առաջատարներն են Սանկտ Պետերբուրգն ու Բադեն Բադենը, որոնք ունեն 20,5-ական միավոր:
Միկայի կանանց թիմը 1,5:2,5 հաշվով պարտվեց Տիմիշոարային եւ 11,5 միավորով երկրորդ տեղում է: Տիմիշոարան մրցաշարային աղյուսակը գլխավորում է 13 միավորով:




























