ՀԱԿ-ի` սեպտեմբերի 30-ի հանրահավաքում քայլերի կտրուկությունը պայմանավորված է լինելու զանգվածների առատությամբ, եթե դա չկա, քայլը չի կարող կտրուկ լինել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Համեմատելով 1988-ի ղարաբաղյան շարժման հետ` նա նշեց, որ այդ սցենարն էլ չի կրկնվի:«Հայ ժողովուրդը շատ խելոք ժողովուրդ է, բնականաբար` հակված չէ ցնցումների ճանապարհով, իբր, ինչ-որ մի բանի հասնելու: Կարծում եմ, որ հանրահավաքը կունենա ավելի փոքր ազդեցություն, առավել եւս խնդրվում էր, որ մի քանի հոգի էլ հետներդ բերեք էլի»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով` ՀԱԿ-ը ներկայացնում է նեղացածների զանգվածը` «ավելի մեծ ցանկություններ ունեցողների հավաքատեղի է», ովքեր պահանջում են խնդիրներ լուծել, բայց հաշվի չեն առնում այն հնարավարությունները, որոնց միջոցով հնարավոր կլիներ լուծել դրանք: Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն առկախված երկխոսությանը, Վարդան Բոստանջյանը նշեց, որ կցանկանար, որ երկխոսությունը շարունակվի, քանի որ այդ պարագայում կարելի է հասնել մի շարք խնդիրների համաձայնեցված լուծումների: «Այն առկախվեց ընդդիմության կողմից։ Իշխանությունը բացարձակապես պրոբլեմ չունի այն շարունակելու: Գուցե ՀԱԿ-ը հետագայում այլ մոտեցումներ ունենա այդ խնդրին եւ շարունակի երկխոսությունը»,- նշեց նա:
Բոստանջյանի խոսքով` երկխոսությունը կարող էր հանգեցնել նրան, որ ՀԱԿ-ն ավելի մեծ ընտրազանգված ունենար, բայց չհիմնավորված պատճառաբանությամբ կորցրեցին այդ զանգվածը: Ըստ նրա, այդ կորուստը հանգեցնում է այլ «լավ» կուսակցությունների ձայների ավելացման, իսկ «լավ» կուսակցությունն էլ Վարդան Բոտսանջյանը համարում է հայրենի «ԲՀԿ»-ն:
Ինչ վերաբերում է ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ 9 երիտասարդներ բերման էին ենթարկվել ոստիկանություն, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ինչպե՞ս կարող է 18-20 տարեկան մարդն արդեն հասցրած լինի` քաղաքական գործիչ լինել, ավելին` քաղբանտարկյալ: Պարզապես տղաներ են, որոնց վարքագիծը կարող է էմոցիոնալ վիճակում դատապարտելի կամ ոչ ընդունելի լինի: Տեղի է ունեցել դեպք, որը գտնվում է ոչ թե քաղաքական դաշտում, այլ իրավական հարթության մեջ»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն առկախել է իշխանությունների հետ երկխոսությունը եւ հայտարարել, որ անցնում է ակտիվ հանրահավաքային պայքարի: Առաջիկա հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 30-ին:




























