Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում վաղը` սեպտեմբերի 30-ին, ժամը 12-ին, կկայանա ամուսնու ծեծեից մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, հաղորդում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»:
Հիշեցնենք, որ վերջին դատի ընթացքում վկայություն է տվել Զարուհիի հարեւանուհին` անչափահաս Է.-ն, ով նշել է, որ վերջին շրջանում Զարուհին միշտ անտրամադիր ու տխուր էր, իսկ իր տատիկը Զարուհիի մահից մեկ օր առաջ տեսել է, թե ինչպես է նրա ամուսինը` Յանիս Սարկիսովը քաշում Զարուհուն, վերջինս էլ կռացած էր ու ձեռքերով պահում էր որովայնի հատվածը:
Դատի ընթացքում նաեւ հրապարակվել են երկու այլ վկաների ցուցմունքները, որոնք այժմ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս: Համաձայն այդ վկաների ցուցմունքների, նրանք ականատես են եղել, թե ինչպես է Յանիսը ծեծում իր կնոջը: Վկաներից մեկի ցուցմունքներում նշված էր, որ Զարուհին ցանկացել է բաժանվել իր ամուսնուց եւ պատմել է վկային այն մասին, որ ամուսնու հետ ապրելը դառել է անտանելի նրա պարբերաբար ծեծերի ու դաժան վերաբերմունքի պատճառով:Դատի ընթացքում պաշտպանող կողմը միջնորդություն էր ներկայացրել հետագա դատական լսումներն իրականացնել դռնփակ, սակայն մերժվել է միջնորդությունը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատը լուսաբանել ցանկացող լրագրողներին իր միջոցներով կտանի Մասիս եւ հետ կբերի:




























