Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքել է մամուլում տեղ գտած այն լուրերը, թե ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ձերբակալվելուց հետո իր դեմ ցուցմունք է տվել: Այս մասին նա հայտարարեց այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ոստիկանապետը նախ հետաքրքրվեց, թե որտեղից են վերցվում այդպիսի տեղեկությունները, այնուհետեւ լսելով, որ դրա աղբյուրը Մ. Օհանյանի փաստաբանն է, ասաց, որ վերջինիս կհրավիրի իր մոտ եւ կպահանջի ասել, թե որտեղից է այդ տեղեկատվությունը: «Չեմ կարծում փաստաբանը նման միամիտ բան անի»,- ասաց Ա. Սարգսյանը: 

«Բոլոր հորինողները քաջ գիտակցելու են, որ դա ոչ մի կերպ ինձ չի վնասելու, ես արդարանալու եմ, ես էլ եմ իրավաբան, օրենք էլ գիտեմ, պաշտպան էլ չեմ վերցնի նման պարագայում, ես ինձ կպաշտպանեմ, որովհետեւ ես մաքուր եմ` դրանից ավելի հզոր զենք չկա»,- ավելացրեց ոստիկանապետը:

Նա նաեւ հերքեց, թե իրեն հրավիրել են հարցաքննության, ու խոստացավ, որ եթե նման բան լինի, առաջինն ինքը մամուլին կհայտնի: Ըստ Ա. Սարգսյանի` որոշ պաշտոնյաներ` «իրարից նեղացած, իրար սիրող կամ չսիրող», զբաղված են «վատ» գործողությամբ` մամուլի միջոցով փորձելով վարկաբեկել կամ փչացնել այս կամ այն անձի իմիջը: