Եվրամիությունը չի կարողանա իր շարքերն ընդունել եւ՛ Ուկրաինային, եւ՛ Թուրքիային՝ որոշ տնտեսական բարդությունների պատճառով, կարծում են Բրյուսելում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը։

«Ինչ-որ պահի մենք պետք է պարզենք, որ Ուկրաինան եւ Արեւմտյան Բալկանները վերջին ընդլայնումն են։ Անհնար է պատկերացնել, որ ԵՄ-ն կարող է ընդունել եւ՛ Թուրքիային, եւ՛ Ուկրաինային։ Շուկան դրան չի դիմանա»,-թերթը մեջբերում է եվրոպացի պաշտոնյայի խոսքը։ Թերթի զրուցակիցը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին ավելի շատ շարժիչ ուժ ունի Ռուսաստանի հետ զինված հակամարտության ֆոնին: Նա կարծում է, որ ԵՄ-ին Կիեւի անդամակցությունը դիտարկվում է որպես «աշխարհաքաղաքական անհրաժեշտություն», նույնիսկ եթե բուն գործընթացը ձգձգվի մեկ կամ երկու տասնամյակ: «Ուկրաինան փոխում է խաղի կանոնները, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային»,-նշել է պաշտոնյան: 

Բրյուսելում մտավախություններ են առաջացել Թուրքիայի նախագահական ընտրությունների ֆոնին, որոնց առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 14-ին: Եվրոպայում կարծում են, որ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններում հաղթելու դեպքում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերանայման եւ որակական բարելավման փորձ կձեռնարկի: Թերթը ենթադրում է, որ դա նշանակում է ոչ միայն ԵՄ-ի եւ Թուրքիայի Մաքսային միության արդիականացում եւ վիզային ռեժիմի ազատականացման ուղիների որոնում, այլեւ ԵՄ-ին անդամակցելու շուրջ վաղուց սառեցված բանակցությունները վերսկսելու փորձ: Ուստի  Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի վերընտրվելու դեպքում Եվրամիությունում ոմանք «թեթեւացած շունչ կքաշեն», նշում է թերթը։   

Առաջին փուլում Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 49,51 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը: «Աթա» քաղաքական դաշինքի ներկայացուցիչ Սինան Օհանը ստացել է ձայների 5,17 տոկոսը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը, երկրորդ փուլում հաղթանակը կապահովի պարզ մեծամասնությունը: