Ամերիկյան արտադրության Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը, հավանաբար, վնասվել է, բայց չի ոչնչացվել Կիեւի եւ նրա շրջակայքի ռուսական հրթիռակոծության հետեւանքով, որն իրականացվել է մայիսի 16-ի վաղ առավոտյան: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ գնահատում է վնասի չափը: Դա թույլ կտա որոշել, թե արդյոք անհրաժեշտ է համալիրն ամբողջությամբ դուրս բերել, թե պարզապես տեղում վերանորոգել ուկրաինական անձնակազմի ուժերով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի իր թելեգրամյան ալիքում գրել է, որ Կիեւ քաղաքում գտնվող «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համալիրի բարձր ճշգրտության հարվածով խոցվել է ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համալիրը:

Ուկրաինացի պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտարարել են, որ հաջողությամբ որսացել են Մոսկվայի արձակած բոլոր վեց հիպերձայնային հրթիռները, սակայն Ուկրաինայի զինված ուժերը հրաժարվել են մեկնաբանել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի խոցման մասին ռուսների հայտարարությունը:

«Մենք չենք կարող դա մեկնաբանել։ Մենք չենք մեկնաբանի ռուսական աղբյուրները»,-ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իգնատը։

Ներկայումս Ուկրաինայում գործում են երկու Patriot համալիրներ, որոնցից մեկը Կիեւին անհատույց հանձնել է ԱՄՆ-ն, իսկ մյուսը՝ Գերմանիան եւ Նիդեռլանդները: Պարզ չէ, թե այդ համալիրներից որ մեկն է վնասվել։

Ռուսաստանը նախկինում եւս փորձել է հիպերձայնային հրթիռներով ոչնչացնել ուկրաինական ՀՕՊ համակարգերը:  

Patriot զենիթահրթիռային համալիրը հագեցած է հզոր ռադարով (ՌԼԿ)՝ մեծ հեռավորության վրա օդային թիրախները հայտնաբերելու համար, ինչը այն դարձնում է արդյունավետ հակահրթիռային պաշտպանության միջոց, որը կարող է որսալ բալիստիկ հրթիռներ եւ այլ թիրախներ:

Այնուամենայնիվ, ռադիոլոկացիոն կայանի ճառագայթումը, որն անհրաժեշտ է հեռավորության վրա սպառնալիքները հայտնաբերելու համար, հակառակորդին թույլ է տալիս իր հերթին հայտնաբերել Patriot համալիրը եւ բացահայտել դրա գտնվելու վայրը: Ինչպես նշում է CNN-ը, ի տարբերություն Ուկրաինային փոխանցված կարճ հեռահարության հակահրթիռային պաշտպանության որոշ միջոցների, որոնք ավելի շարժունակ են եւ պակաս խոցելի են հրթիռային հարվածների համար, Patriot հակաօդային պաշտպանության համակարգը իրենից ներկայացնում է ավելի մեծ եւ ստացիոնար համակարգ, ինչը կարող է թույլ տալ ռուսներին, այնուամենայնիվ, խոցել այն: