Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի կրկին ընդհատել է Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ընդունելությունը՝ պատասխանելով հեռախոսազանգին:

Ինչպես վկայում է Vatican News պորտալի հեռարձակումը, Սուրբ Աթոռի աշխատակիցներից մեկը հավատացյալներին անգլերեն դիմելուց անմիջապես հետո պապին բջջային հեռախոս է բերել: Դա տեղի է ունեցել միջոցառման կեսին: Ըստ ամենայնի, հեռախոսազրույցը տեւել է մոտ մեկ րոպե, քանի որ այդ ընթացքում հեռարձակման ժամանակ ցուցադրվել է հավատացյալների բազմությունը եւ Վատիկանի հրապարակի համայնապատկերը, որից հետո ընդունելության արարողությունը վերսկսվել է։

Ֆրանցիսկոս պապին ուղղված զանգի հեղինակն անհայտ է, Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը համապատասխան տեղեկատվություն չի տարածել: