Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը ստորագրել են ավելի քան քսան փաստաթուղթ, որոնց թվում է վիզային պահանջներից փոխադարձ ազատման մասին համաձայնագիրը։
Տոկաեւը ժամանել է Սիան քաղաք, որտեղ մայիսի 18-19-ին կկայանա «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթաժողովը: Այդ միջոցառման նախօրեին Ղազախստանի նախագահը բանակցություններ է վարել ՉԺՀ ղեկավարի հետ։
Կենտրոնական Ասիայի Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար եւ շնորհավորել երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Ղազախստանի համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հատուկ նշանակություն ունի։ Մեր համագործակցությունը հիմնված է անսասան բարեկամության եւ փոխադարձ աջակցության վրա: Մեզ համար շատ կարեւոր է Չինաստանի հետ հավերժական համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը»,-ասել է Տոկաեւը։
Իր հերթին, Ծինփինը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի առաջնորդին հրավերն ընդունելու համար, ինչպես նաեւ շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական, նավթագազային, նավթաքիմիական, էներգետիկ, ֆինանսական, տրանսպորտային-տարանցիկ, կրթության եւ գիտության ոլորտներում համակողմանի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Բանակցությունների արդյունքում պետությունների ղեկավարները ստորագրել են 23 փաստաթուղթ:





























